BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Համաշխարհային հոգևոր ճգնաժամը խարխլելու է քաղաքակրթությունների փոխներդաշնակությունը»

«Համաշխարհային հոգևոր ճգնաժամը խարխլելու է քաղաքակրթությունների փոխներդաշնակությունը»
17.07.2015 | 01:43

Հին աշխարհի կեցության գոյընթացը, որը Հռոմեական կայսրության կուտակած նյութական հարստության շնորհիվ ծաղկունք էր ապրում միջերկրածովյան ավազանի շուրջը, Հռոմի քաղաքացիություն ունեցող անձին տալիս էր տվյալ ժամանակի բոլոր արտոնություններն ու հնարավորությունները` վայելելու աշխարհիկ կյանքի բարեկեցությունը: Պողոս առաքյալը նույնպես ուներ արտոնյալ այդ քաղաքացիությունը (Գործ. 23.25-29) և հարմարավետ կյանք վարելու բոլոր հեռանկարները, սակայն նա գիտակցաբար հրաժարվել էր այդ ամենից, քանի որ իր խորին համոզմամբ ճշմարտությունն ու երջանկությունը և մարդու լուսավոր ապագան ամենևին էլ հռոմեական պերճաշուք աշխարհիկ կյանքով ապրելու մեջ չէր տեսնում: Այսպիսով նա դեմ հանդիման էր կանգնել հեթանոսական կենցաղավարության մշակույթին և քարոզում էր կենսասփյուռ ավետարանական կացութաձևի կանոնները, որոնք խորթ էին հունահռոմեական ցանկասեր աշխարհիկ մարդու ձգտումներին ու աշխարհայացքին: Նա նշում է, թե այս աշխարհի կերպարանքով մի կերպարանվեք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք էլ քննեք լավը և թե ինչ է Աստծու կամքը` բարին և հաճելին և կատարյալը (Հռոմ. 12.2): Ընթերցելով Պողոս առաքյալի նամակները կայսերական տիրույթներում ձևավորված քրիստոնեական համայնքներին` տեսնում ենք, որ նա հորդորում և կոչ է անում, որպեսզի քրիստոնյաները շարունակեն ապրել ավետարանական բարոյագիտության պատվիրաններով: Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ նա ասում է. «Այս իմացեք, որ մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ. 6.6): Նրա այս պատգամները սկզբունքային հիմնադրույթներից են, որոնցով բնորոշում է նախկին կենցաղավարությունն իբրև հին կյանք, հին մարդու ապրելակերպ (Կողոս. 3.5) և քրիստոնեական ապրելաձևը բնութագրում որպես նոր կյանքի և նոր մարդու սահմանումներով (Եփես. 2.15): Նայելով անցյալի երկհազարամյա այս պատգամներին, թվում է, թե մեզնից դուրս մասնավոր հորդորներ են առաքյալի վերոհիշյալ խոսքերը: Բայց հռոմեական կենցաղավարության արդիական նշաններով փոխակերպված կյանքը հատկորոշիչ է նաև ներկայումս:
Մեր առօրեական ընթացքն ամենևին էլ չի տարբերվում հունահռոմեական սովորական աշխարհիկ կյանքի մեղսավոր ձգտումներից, որովհետև անհատի մեջ արմատավորված մեղքը, ինչպես գործել է անցյալում, նույնպիսի ուժգնությամբ գործում է ներկայում:
Իրականում բազմաթիվ մարդիկ քրիստոնյա են անունով, սակայն այլ կենցաղ են վարում, որը բնորոշ է առաքյալի հին մարդու բնութագրիչներին: Սա նման է այն իրողությանը, երբ մարդ մոտենում է հայելուն, որպեսզի տեսնի այն, ինչ ուզում է տեսնել, և ոչ թե այն, ինչ իրականում պատկերում է հայելին: Պարզ օրինակով կարելի է նշել, որ քրիստոնյան կոչված է սուրբ լինելու, բայց շատերի համար դա դիտարկվում է որպես անհասանելի կամ մասնավոր կացութաձև, որն իրենց չի վերաբերում: Այնուամենայնիվ առաքյալները պարբերաբար նշում են, որ դուք կոչված եք սուրբ լինելու, բայց հնարավոր է՝ շատերի սրտով չէ այս պատգամը, որովհետև իրենց մեջ գործող հին մարդը չի կարող հաշտվել այդ մտքի հետ: Երկնային նախախնամությունը ժամանակ առ ժամանակ բացահայտում է անհատի հոգու հայելու մեջ նրա իրական կերպարը և ցույց տալիս, որ տվյալ անձն ամենևին էլ չի ապրում նոր մարդու սկզբունքներով: Աստծո համար պարզապես քրիստոնյա լինելը բավարար չէ. Քրիստոսի նմանությամբ առօրյա կյանքն ապրելու մեջ է քրիստոնյայի ուղին: Առաքյալն այսպես է բնորոշում նախկին առօրեական կենսակերպը. «Նրանց թվում և մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով և կատարում մարմնի ու մտքի ցանկությունները և իսկապես Աստծու բարկության արժանի մարդիկ էինք ուրիշների նման» (Եփես. 2.3): ՈՒստի նկատում ենք, որ Արարչի համար ամենևին էլ հաճելի չէ մեր այն ապրելակերպը, որը միահյուսված է մեղքի ու խավարի թագավորության դրույթներով: Բայց ամբողջ հարցն այն է, որ մարդիկ բնական ապրելակերպ են դիտարկում նման գոյընթացը, փորձում արդարացնել և օրինականացնել նման կենսակերպը` աղավաղելով մարդու իրավունքների ու արժանապատվության հայեցակարգերը: Առաքյալի նշած հին մարդու կերպարն աստիճանաբար դարձնում են չափանիշ, կատարելատիպ, որպեսզի սերունդներն ապրեն այդ ձևաչափով, բայց պատմությունը ցույց է տալիս, որ նման անհատներից բաղկացած հասարակությունները արդյունքում ճգնաժամային հասարակություններ են ստեղծում, որովհետև նրանք, բնական ներդաշնակության համակարգը ոչնչացնելով, ի վերջո կանգնում են ինքնաոչնչացման անդունդի առջև: Խավարը լույսի փոխարեն ներկայացնելով հնարավոր չէ բնությանը կյանք պարգևել, այդպես էլ բարոյական նորմատիվները փոխարինելով հեթանոսական նախկին օրենքներին հնարավոր չէ մարդկության պատմության շարունակականությունը կերտել:
21-րդ դարի հասարակությունների մեծ մասն արդարև ճգնաժամային հասարակությունների ձևավորման ուղին է բռնել: Այսօր արդեն կյանքի այդ մոդելի նախագծողները ոչնչացնում են Մերձավոր Արևելքը և այդտեղից արմատախիլ անում քրիստոնեական դարավոր հիմքերի վերջին կտորները: Այս ամենը ստեղծելու է համաշխարհային հոգևոր ճգնաժամ, որը խարխլելու է քաղաքակրթությունների փոխներդաշնակությունը և մարդկությանը կանգնեցնելու է անսպասելի աղետների առջև: Դրա համար էլ Պողոս առաքյալը դեռևս դարերի խորքից հորդորում էր. «Հեռու վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով, նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4.22):

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ